Հեռավար ուսուցման համալիր էջ

Գլխավոր էջ  /  Տեղեկատվություն
Հանրակրթական ուսումնական հաստատություններում տարեկան գնահատականներն ամփոփվում են մինչև մարտի 13-ը ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա:

➡️ Հանրակրթական ուսումնական հաստատություններում 4-րդ և 9-րդ դասարանների ավարտին կրթական մի աստիճանից մյուսը փոխադրվելու քննություններ չեն իրականացվելու:

➡️ Աշակերտների՝ մինչև մարտի 13-ը ունեցած և էլեկտրոնային մատյաններ փոխադրած գնահատականների հիման վրա ամփոփվում են նրանց տարեկան գնահատականները, որոնցից քննական առարկաների տարեկան գնահատականները համարվում են նաև քննական։ Այդ գնահատականների հիման վրա աշակերտները փոխադրվում են հաջորդ աստիճան: Փոխադրական քննություններ չեն իրականացվի նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով:

✅ Դպրոցներում ավարտական՝ 12-րդ դասարանի քննություններ չեն իրականացվում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով, ինչ 4-րդ և 9-րդ դասարանների դեպքում: Հաշվի առնելով, որ աշակերտների մի մասը քննությունները հանձնել են նախորդ տարվա դեկտեմբերին, վերջիններս հնարավորություն է տրվում ընտրել՝ պահպանել քննության արդյունքը, կամ ընտրել տարեկան գնահատականը՝ որպես ատեստատում քննական գնահատական: Ամփոփումը կատարվում և ատեստատները տրվում են մինչև մայիսի 25-ը:

✅ Բուհերի ավարտական քննություններ և դիպլոմային աշխատանքներ

➡️ Բուհերում ավարտական պետական քննությունների անցկացման ձևն ընտրում է ուսումնական հաստատությունը` ակադեմիական ազատության և ինքնավարության շրջանակում: Քննությունների կազմակերպման ընթացքում բուհերը պետք է պահպանեն համավարակի կանխարգելման ընդհանուր կանոնները և քննությունները կազմակերպեն առցանց գործիքների կիրառությամբ՝ գործընթացը ավարտելով մինչև հուլիսի 1-ը:

✅ Քոլեջների և ուսումնարանների ավարտական դիպլոմային աշխատանքների պաշտպանություն և քննություններ չեն իրականացվում: Ամփոփումը կատարվում է այնպես, ինչպես դպրոցական ավարտականների պարագայում: Եթե սովորողը գնահատական չունի երկրորդ կիսամյակում, տարեկանը նշանակվում է առաջին կիսամյակի հիման վրա: Ամփոփումը կատարվում և դիպլոմները տրվում են մինչև հունիսի 5-ը:

❗️ Արտակարգ իրավիճակում ավարտական և միասնական քննությունների կազմակերպման գործընթացում փոփոխություններ նախատեսելիս հաշվի է առնվել զորակոչի ժամկետներն անփոփոխ թողնելու հանգամանքը:

➡️ Որոշվել է, որ դիմորդները բուհ ընդունվելու համար այս տարի կհանձնեն մեկ քննություն: Միասնական քննությունների ցանկը՝ ըստ մասնագիտությունների, կհայտարարվի ապրիլի 30-ին: Ընտրվող քննությունը լինելու է տվյալ մասնագիտության համար նախատեսված քննություններից որևէ մեկը:

➡️ Ըստ ընթացակարգի` մինչև մարտի 15-ը դիմորդներն արդեն լրացրել են բուհերի ընդունելության հայտերը: Քանի որ այժմ տեղի է ունենում ընթացակարգի փոփոխություն, անհրաժեշտություն է առաջացել հայտագրման նոր հնարավորություն տալ թե՛ արդեն հայտագրվածներին, թե՛ նախորդ տարիների շրջանավարտներին: Քննությունների հայտագրման գործընթացը միավորվել է բուհեր դիմելու հայտերի լրացման հետ` որպես մեկ միասնական գործընթաց: Հայտագրման գործընթացը կմեկնարկի մայիսի 25-ից և կգործի մինչև հունիսի 15-ը: Հայտագրումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով: Դիմորդները միաժամանակ կընտրեն քննական առարկան, բուհն ու մասնագիտությունը:

➡️ Նախապես հայտագրված բոլոր դիմորդները նույնպես կարող են հայտագրվել այս ընթացքում՝ հնարավորություն ստանալով վերահաստատել կամ փոխել նախնական հայտը՝ հաշվի առնելով տեղի ունեցած փոփոխությունները: Նախապես մի քանի քննության համար հայտագրված դիմորդներին կվերադարձվի քննությունների համար վճարած գումարը:

Ընդունելության մեկ հիմնական քննությունը կազմակերպվելու է համավարակի անվտանգության բոլոր կանոնների պահպանմամբ: Քննական կենտրոնները կգործեն ամբողջ հանրապետությունում` ապահովելով քննություն հանձնող դիմորդների սահմանափակ թիվն ըստ քննական սենյակների և կենտրոնների:

➡️ Բուհերի ընդունելության միասնական քննությունները տեղի կունենան հուլիսի առաջին տասնօրյակում: Արվեստի և սպորտի բուհերը ևս պետք է կազմակերպեն ընդունելությունը մեկ քննության միջոցով: Բանավոր ընդունելության քննություններ չեն նախատեսվում:

✅ Մագիստրատուրայում ընդունելության ժամկետներն առաջարկվում է սահմանել հունիսի 16-ից 30-ը և արդյունքներն ամփոփել մինչև հուլիսի 5-ը:

✅ Ասպիրանտուրայում ընդունելության գործընթացում առաջարկվում է կասեցնել ոչ մրցութային առարկաների` օտար լեզվի, ինֆորմատիկայի և տեղեկատվական հաղորդակցության հիմունքներից ստացված համապատասխան միավորը հավաստող վկայականի կամ տեղեկանքի ներկայացման պահանջը: Առաջարկվում է գործընթացն իրականացնել հունիսի 16-ից 30-ը և արդյունքներն ամփոփել մինչև հուլիսի 5-ը:

✅ Քոլեջների և ուսումնարանների հետ կապված ընդունելությունը՝ 9-ամյա կամ 12-ամյա կրթության հիմքով, նախատեսվում է կազմակերպել հիմնականում ատեստատների գնահատականներով օգոստոսին, բացի արվեստի, սպորտի և առողջապահական հաստատություններից, որտեղ իրականացվում է մեկական քննություն նույն սկզբունքներով, ինչ բուհեր ընդունվելու դեպքում: Հայտերի ընդունումը նույնպես իրականացվում է էլեկտրոնային եղանակով:

✅ Միջպետական ծրագրերով ընդունելություն

✅ Օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատություններում միջպետական համաձայնագրերով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացված կրթաթոշակային տեղերի 2020-2021 թթ. ուսումնական տարվա մրցույթը կիրականացվի՝ ելնելով գործընկեր պետությունների հետ հստակեցումներից՝ դրանց անցկացման ժամանակի և ուսուցման հետագա կազմակերպման հնարավորությունների մասով: Ընդունելության պայմանների մասով նախատեսվում է, որ այդ ծրագրերով ընդունելությունը (բակալավրի (դիպլոմավորված մասնագետի), մագիստրատուրայի, ասպիրանտուրայի (օրդինատուրա) և դոկտորանտուրայի կրթական ծրագրերով) անցկացվում է այս ուսումնական տարում՝ ընդունելության կարգին համապատասխան, եթե տվյալ միջպետական համաձայնագրով այլ պայմաններ սահմանված կամ նախատեսված չեն։


Բարձրագույն ուսումնական հաստատությունների ցանկ
Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկ
Նախնական մասնագիտական ուսումնական հաստատությունների ցանկ