Հեռավար ուսուցման համալիր էջ

Գլխավոր էջ  /  Նորություններ  /  Նորություն

Նորություն

ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը՝ Ինֆորմացիոն ազատության կենտրոնի հատուկ մրցանակակիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Հատուկ մրցանակի»։


ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը նշել է, որ տեղեկատվության ազատությանը նվիրված մրցանակաբաշխությունն ազդեցիկ միջոց է խրախուսելու բաց և հրապարակային աշխատանքը, ապահովելու Կառավարության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը։

ԻԱԿ-ի «Հատուկ մրցանակը» շնորհվել է Բաց կառավարման գործընկերության հայաստանյան գործողությունների 4-րդ ծրագրի «Կրթական տեղեկատվական միասնական պորտալ» հանձնառությունը հեղինակած և իրականացրած կառույցին՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին՝ համավարակի ընթացքում կրթության և տեղեկատվության հասանելիության ապահովման համար։

«Այս հանձնառությամբ մշակվել և ստեղծվել է «Կրթական տեղեկատվական միասնական պորտալը», որի հեղինակը և իրականացնողը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն է։ Այս գաղափարն ապահովել է փոխակերպիչ արդյունք և համավարակի ընթացքում կարողացել է ապահովել սովորողների 84 տոկոսի հասանելիությունը տեղեկատվությանը, գիտելիքին և կրթությանը։ Այն համարվում է նորարար և օրինակելի նաև մյուս երկրների համար»,- ասել է Շ․ Դոյդոյանը։

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ ԿՏԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանը նշել է․ «Այս մրցանակն ավելացնում է ԿՏԱԿ-ի պատասխանատվությունը՝ ավելի ակտիվ, ավելի թափանցիկ լինելու, տեղեկատվության ազատության մակարդակը բարձր նշաձողի վրա պահելու առումով։ Շնորհակալ ենք այս մրցանակի համար, և հույս ունենք, որ հաջորդ տարիներին ևս կարժանանանք «Ոսկե բանալու» և երբեք ոչ «Ժանգոտ կողպեքի»։

Տեղեկացնենք նաև, որ առցանց մրցանակաբաշխությանը մասնակցել է պետական կառույցների, զանգվածային լրատվության միջոցների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ավելի քան 80 ներկայացուցիչ։

Աղբյուր՝ ՀՀ ԿԳՄՍՆ կայք